Norq Magazine

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐԻՑ ՄԵԿԸ: ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1933 թվականից One of the oldest Armenian Literature Magazines. First Issue dated 1933.

09/04/2024

ՆՈՐՔ - 1/2024
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

Օրերս մի ամերիկյան ֆիլմ դիտեցի՝ փաստաբանների և հարակից մասնագետների առօրյայի մասին։ Ֆիլմը գեղարվեստական էր և, բնականաբար, հագեցած մարդկային՝ գույները խտացած կրքերով ու մասնագիտական գերբնական տաղանդների դրսևորումներով, սակայն ինձ ավելի շատ, քան սյուժեն, լարված պահեցին, իսկ հետո մտորումների առիթ տվեցին մի քանի երևույթներ, որոնց մասին մեր և արևմտյան գրեթե բոլոր երկրների հասարակությունների պատկերացումները տարբերվում են։
Մեկը՝ ժամանակի շնչի ու ռիթմի զգացողությունն է։ Ֆիլմում, իհարկե, հերոսներն այնքան արագ էին հայտնվում պահանջված տեղում, որ Չիկագո քաղաքը իր չափսերով Երևանի սակավաբնակ արվարձան էր հիշեցնում, սակայն դա միայն ընդգծում էր մարդկանց և հատկապես՝ գործի մարդկանց անձնական պատասխանատվության կարևորության գիտակցման աստիճանը։ Մասնագիտական, քաղաքական կամ բիզնես մրցակցությունն է արհեստավարժ այն մտրակը, որ թույլ չի տալիս հորանջելով տեղափոխել այսօր նախատեսված հանդիպումը կամ աշխատանքը վաղվան․ տեղափոխեցիր՝ կուշանաս, հորանջեցիր՝ կկորցնես, որովհետև դու միակը չես և ոչ էլ անփոխարինելին։
Մյուսը՝ սեփական կարծիք ունենալու շռայլությունն է։ Մեր տիպի հասարակություններում այն ներկայանում է իբրև մի անբեկանելի սկզբունք, որովհետև փոփոխվելու իրավունք չունի։ Իրականում սեփական կարծիք ունենալը հատուկ է ոչ այնքան սկզբունքային մարդկանց, ինչը մեզանում տարածված համոզմունք է և այդ իսկ պատճառով՝ միմյանց կոկորդ կրծելու պատրվակ, որքան լայնախոհ, իրենց կարծիքը փոխելու ազատությունը գիտակցող ու գնահատող մարդկանց։ Չէ՞ որ դա քո սեփականությունն է, ուրիշի գաղափարների ոչ ծնունդ է, ոչ էլ ստրուկ, և ուրեմն ինչպես կուզես, այնպես էլ կտնօրինես՝ մինչև անգամ ինքդ քո մասին կարծիքդ փոխես։
Երրորդը՝ ներողություն խնդրելու շնորհքն է։ Եվ ներելու՝ երբ քեզ խնդրում են։ Պարզ ու հասարակ մի գործողություն, որից հետո երկուսիդ շունչը բացվում է, ուղեղը պայծառանում է, իսկ ամենակարևորը՝ հաղթող չկա։ Իմ գերմանացի ընկեր Դիտմարը, որի սուր լսողությունը երեք շաբաթ Հայաստանում մնալու ընթացքում որսացել էր հայերենում ամենահաճախակի օգտագործվող «բայց» բառը, մի օր խոստովանեց․ «Գիտես, ձեզ հետ միշտ պիտի զգուշավոր լինել՝ դուք ոչինչ անվերապահորեն չեք ընկալում, ծոցում միշտ «բայց» ունեք պահած՝ կարծես վախենում եք նահանջի ճանապարհը կորցնել»․․․

ՆՈՐՔի այս համարում․ Ռուբեն Գինեյ, Արմեն Դարբինյան, Ռաֆայել Սահակյան, Արթուր Արմին, Կարինե Խոդիկյան, Վարդիթեր Գիշյան, Մանվել Միկոյան։ «Նորք-ռետրո» (1979 թ․) բաժնում՝ Զորայր Խալափյան։

Լիլիթ Հովսեփյան

30/12/2023

ՆՈՐՔ - 4/2023
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

Այս տարի լրացավ ՆՈՐՔի 90-ամյակը։ Իմ՝ ՆՈՐՔում՝ 7 տարին։ Եվ դժվար է ասել, թե ով է մեր երկուսից մյուսի խմբագիրը։

Յոթ տարի առաջ, հորս՝ Ռուբեն Հովսեփյանի հեռանալուց հետո, ցուրտ, մռայլ, անտանելի ձգվող ու ամանորյան ծաղրածուի թագով պսակված դեկտեմբերը ինձ նենգաբար համոզում էր, որ ես միայնակ եմ մնացել ու պիտի հրաժարվեմ ՆՈՐՔը տնօրինելու հորս տված իմ խոստումից։ Ասում էր՝ առանց նրա գործը գլուխ չես բերի, ասում էր՝ անվանի հեղինակները քեզ չեն վստահի, ասում էր՝ դու օտարալեզու գրող ես, իսկ հայերեն խմբագրելու համար խոր գիտելիքներ, հմտություն և փորձ է հարկավոր ունենալ, էլ չեմ ասում՝ ճաշակ․․․ Գրեթե համոզել էր, որովհետև, ի վերջո, ճշմարտություն կար նրա նենգ շշնջոցի մեջ։ Որոշեցի հաջորդ տարվա առաջին համարը պատրաստել, այն ամբողջովին նվիրել հորս հիշատակին և հրաժեշտ տալ։ Դեկտեմբերը՝ պատերազմում հաղթանակածի կարճամիտ ինքնահավանությունը շալակին, հարբած ժպիտը դեմքին՝ թողեց, գնաց։ Իսկ հունվարյան մի լուսնկա գիշեր, երբ քնած չէի ու նայում էի պատից ինձ նայող հորս դիմանկարին, հանկարծ հասկացա, թե ինչ պիտի անեմ։
Հասկացա, որ պիտի սիրեմ ՆՈՐՔը, այնպես սիրեմ, որ բոլոր վախերս ու կասկածներս անհետանան կամ գոնե սիրելու ճանապարհին հերթով կամաց-կամաց գոլորշիանան․․․

Այսօր ՆՈՐՔը 90 տարեկան է, իսկ ես ընդամենը 7, և դժվար է ասել, թե ով է ում խմբագիրը։ Որովհետև յոթ տարվա ընթացքում ես ավելի հարստացա, դաստիարակվեցի, հպարտացա հայերենով, որի հնարները անսպառ են ու անսահման՝ շնորհիվ մեր լեզվի բացառիկ ճկունության և նրանով զինված գրողների։

Այսօր ՆՈՐՔը 90 տարեկան է, լույս է տեսնում այս տարվա վերջին համարը, և էլի դեկտեմբեր է, բայց ես ինձ այլևս միայնակ ու պարտված չեմ զգում։ Հակառակը՝ անհամբեր երեխայի պես պատառոտում եմ տոնածառի տակ դրված փաթեթն ու լույս աշխարհ բերում նվերը՝ ՆՈՐՔ 4/2023։
Եվ շնորհակալ եմ բոլոր նրանց, ով յոթ տարի կողքիս է եղել ու մասնակցել է ՆՈՐՔում իմ կայացմանը։

ՆՈՐՔի այս համարում․ Արմեն Դավթյան, Ռաֆ Բարաթյան, Անուշ Վարդանյան, Ռոբերտ Եսայան, Գևորգ Գրիգորյան, Կարինե Մեսրոպյան։ «Հուշատետր» բաժնում՝ Արաքս Մակարեան։

Շնորհավոր Նոր տարի և խաղաղություն մեր աշխարհին։

Լիլիթ Հովսեփյան

25/10/2023

ՆՈՐՔ 3-2023
ՆՈՐՔի այս համարում․ Ասպրամ Սարատիկյան, Ենովք Լազեան, Ռոբերտ Բաղդասարյան, Արծվի Բախչինյան, Կարինե Խոդիկյան, Տիգրան Հարությունյան։

01/07/2023

ՆՈՐՔ - 2/2023
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

ՆՈՐՔի այս տարվա երկրորդ համարը տպարան հանձնելու նախօրեին աշխարհը լարված հետևում էր քաղաքականացված գողային մի թամաշայի, որի ավարտը կանխատեսողները սահմանափակվել էին երկու տարբերակով․ կամ նա՝ սրան, կամ սա՝ նրան։ Երկու տարբերակներն էլ վատն էին, բայց գոնե տեղավորվում էին ներկայացման ոճի տրամաբանության մեջ և դրանով իսկ շատ թե քիչ պահպանում էին բանականության օրենքները։ Թամաշան, մինչդեռ, ավարտվեց իր սեփական տրամաբանությամբ՝ հանկարծամահ եղավ, ու աշխարհն ապուշ կտրած՝ ինքն իրեն վիրավորված զգաց, որովհետև չէր կռահել երրորդ տարբերակը։

Առհասարակ, երրորդ տարբերակը մարդու ուղեղը սովորաբար անտեսում է, քանզի առաջին երկուսը հավասարազոր դոմինանտ են՝ իրար հակասող, բայց հաստատուն հավանականության մեջ։ Երկուսն էլ հասկանալի են, փորձառու և մարսելի։ Իսկ երրորդը չգիտես թե ում բարեկամն է՝ անտուն, անարմատ, անկաշկանդ թափառականի պես գալիս-անցնում է․ թե հասցրիր նկատել, ծանոթանալ, պահել քեզ մոտ, լավ է, թե՝ ոչ, կթողնի-կգնա, ու դու հետո մեկ էլ կիմանաս, որ ճամփին դոմինանտներին նոկաուտ անելով՝ կայացած փաստ է դարձել։ Կամ՝ գաղափար։ Կամ՝ գյուտ։ Կամ՝ փրկօղակ, որը դու անտեսել էիր։

Սակայն երրորդ տարբերակի գլխավոր հատկանիշը՝ մեծահոգությունն է։ Հեռանալիս նա թաքուն ցանում է պայծառատեսության սերմեր, որոնց ծիլերը պիտի հաջողացնես ժամանակին նկատել, ու եթե մշակելու հավես էլ չունենաս՝ գոնե հանկարծ չտրորես։

ՆՈՐՔի այս համարում․ Վահագն Մուղնեցյան, Հրաչ Բեգլարյան, Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Գասպարյան, Վովա Արզումանյան, Մարինե Թաթոյան։ «Նորք-ռետրո» (1966 թ․) բաժնում՝ Գևորգ Արշակյան (վիպակի շարունակություն)։ «Հուշատետր» բաժնում՝ Արաքս Մակարեան (շարունակություն)։

Լիլիթ Հովսեփյան

08/04/2023

ՆՈՐՔ - 1/2023
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

ՆՈՐՔի այս համարը տպարան հանձնելու նախօրեին կայացավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային մատչը։ Բոլորս լարված էինք, բոլորս գիտակցում էինք, թե ինչ խորհուրդ է կրում իր մեջ այս հանդիպումը, բոլորս (իսկ ով որ կասի, իբր ինքը՝ ոչ, թող առաջինը վերցնի քարը և նետի) վախենում էինք խոշոր հաշվով պարտվելուց, «խայտառակ լինելուց», «հարևանների ծաղրի առարկա դառնալուց», մի խոսքով՝ հերթական անգամ ինքներս մեզնից հիասթափվելուց․․․ Մինչդեռ խաղը հիանալի ստացվեց։ Մեր հավաքականի ֆուտբոլիստներն արագաշարժ էին և համարձակ, սրատես էին և միասնական, իսկ ամենակարևորը՝ ինչը նախկինում գոնե ինձ մշտապես ջղայնացրել է՝ հակառակորդի խփած առաջին իսկ գնդակից հետո անմիջապես չընկան դեպրեսիայի գիրկը և չդարձան դժգույն մանեկեն, կրկին բզբզելով այն ցավոտ կասկածը, որ հարվածներից թուլանալը, թերևս՝ մեր ազգային հատկանիշն է։
Խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսին Հայաստանի հավաքականի նոր մարզիչը՝ Օլեքսանդր Պետրակովը խոստովանեց, որ իր տրամադրության տակ ունենալով ընդամենը մեկ շաբաթ, նա ավելի շատ ժամանակ է ծախսել սաների հետ ծանոթանալու, զրուցելու և յուրաքանչյուրին մանրամասն ճանաչելու վրա, քան դեռևս մարզվելու, մանավանդ որ մի քանիսը հազիվ հասցրել էին հեռավոր երկրներից ժամանել Երևան։ Հավանաբար և անգամ՝ վստահաբար, բոլոր նախորդ մարզիչները նույնպես փորձել են հաշվի առնել թիմի մասնակիցների բնավորության առանձնահատկությունները, հավակնությունները և հնարավորությունները, սակայն Պետրակովը մի տպավորիչ բան ասաց, որը նաև չափազանց համոզիչ էր․ «Ես ուզում եմ մի քիչ փոխել տղաների աշխարհընկալումը, ուզում եմ, որ նրանք սկսեն երազել, ինչ-որ բանի հասնելու նպատակ ձեռք բերեն»։ Հետն էլ շեշտեց, որ մտադիր չէ խաղը կառուցել մեկ լիդերի շուրջ, այլ ցանկանում է, որ լիդերները թիմում ավելի շատ լինեն։
Նպատակին հասնելու ճանապարհին երազանքի անփոխարինելի գործոնը ուկրաինացի մարզիչը դժվար թե գերագնահատեր՝ հատկապես վերջին տարվա իրադարձությունների ներքո, և ուրեմն նա առնվազն կարող է ներարկել մեր ֆուտբոլիստների գիտակցության մեջ այդ ուժի ամենազորության վայելքը։ Մանավանդ, որ՝ ինչպես խաղը ցույց տվեց, նրանք արդեն իսկ ընկալմանը պատրաստ են։
Եվ սա պատահականություն չէ, կարծում եմ։ Ես հետևություն եմ անում՝ նկատելով, թե ինչպես և դեպի ուր են փոխվում ՆՈՐՔի հեղինակների ստեղծագործությունները, որտեղ ակնհայտորեն պակասել են փնթփնթոցն ու դատարկ փիլիսոփայությունը «ճակատագրի», «անխուսափելի փորձությունների», «կրկնվող պատմության» և աչքերը ծոծրակին դաջված պայքարի մասին։ Ես տեսնում եմ, որ մենք՝ ինքներս մեզ դեռևս չվստահելով, սովորում ենք ապրել իրականության մեջ, երբ կարևոր է ոչ միայն հիշելը, այլև՝ երազելը։ Իսկ երազանքն, ի վերջո, ի՞նչ է․ սովորական մի ապագա, սովորական մի կյանքի ցանկալի կառուցվածք, և դրանում, հավատացնում եմ, ոչ մի արտառոց բան չկա։

ՆՈՐՔի այս համարում․ Արուս Սուրեն, Շանթ Մկրտչյան, Մարալ Կարպիս, Մելանյա Պետրոսյանց, Կորյուն Սերգոյան, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթ, Մոսթաֆա Ալիզադե, Տիմուր Պուլատով։ «ՆՈՐՔ-ռետրո» բաժնում՝ Գևորգ Արշակյան, 1966 թ․։ «Հուշատետր» բաժնում՝ Արաքս Մակարեան (շարունակություն)։

Լիլիթ Հովսեփյան

10/01/2023

ՆՈՐՔ - 4/2022

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.

ՆՈՐՔի այս տարվա վերջին համարն ինձ դուր է գալիս։ Քիչ է պատահում, երբ ներկայացված բոլոր գործերը հերիք չէ հավանում ես, հետն էլ դրանք՝ միմյանց մեղեդիները որսած, սկզբից կամացուկ արձագանքելով, հետո ավելի համարձակ երգակցելով՝ վերջում ակապելլա են կատարում, և համարը ստանում է իր յուրահատուկ երանգը, ամբողջականանում է ու վերածվում առանձին, ավարտուն մի ստեղծագործության։

Երբ զրույցներից մեկի ժամանակ Արծվի Բախչինյանի պայծառ գլխում գաղափար ծագեց՝ տատիկների մասին պատմվածքների շարք անել, անվանումն էլ ինքը հնարեց․ «Նորքյան տատիկապատում», ես ոգևորվեցի (մի քիչ էլ տխրեցի, որովհետև ինքս չէի կարող մասնակցել, քանի որ երբեք տատիկ չեմ ունեցել) ու ենթադրում էի, որ դա պարզապես այս համարի բաժիններից մեկի լեյտմոտիվը կլինի, մյուսներից անջատ։ Բայց ստացվեց հակառակը։ «Տատիկապատումը»՝ իր և մյուսների հիշողությունների ալիքը բռնած՝ ընդարձակվեց, ծովի պես հուզվեց, տարավ կարոտի ու ցավի հատակը, այնտեղ ջերմություն առավ ու ջրի երես բարձրանալով՝ հանդարտվեց, բարեկամացավ մյուսների հետ, մյուսների հիշողություններն իր գիրկը առավ, փայփայեց, ցավը մեղմեց, հետո զտված հիշողություններից թելեր մանեց ու հրաշքներով լի ամանորյա գուլպաներ գործեց բոլորի համար․․․ Երևի տատիկն այդպիսին է լինում, չգիտեմ, երբեք չեմ ունեցել։

ՆՈՐՔի այս համարում․ Հրաչ Բեգլարյան, Գևորգ Գրիգորյան, Արծուի, Նաիրա Աբրահամյան, Անրի Գրիգորյան, Անուշ Սարգսյան, Վալտեր Հակոբյան, Ինեսա Թումասյանց, Սանտյագո Նազարյան, Արաքս Մակարեան։
Լիլիթ Հովսեփյան

02/10/2022

ՆՈՐՔ - 3/2022

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.
ՆՈՐՔի այս համարը պատրաստելու ողջ ընթացքն ուղեկցվել է սարսափազդու ձայներով․ դղրդյուն, շառաչ, ճայթյուն, պայթյուն, ոռնոց, աղաղակ, վայնասուն․․․ Աշխարհակարգն է ճռռալով ու հևալով շրջադարձում, երկրագնդի սրընթաց բացվող ճեղքերից ճզմում-հանում է լերդացած մաղձը՝ ճանապարհ բացելով անշարժացած արյան հոսանքի վերակենդանացման համար։ Այս հոսանքը իր հետ շատ բաներ և շատերին կքշի-կտանի, որովհետև այլևս կանգնելու մտադրություն չունի․ արթնացել է, մաքրվում է։ Կքշի-կտանի նաև պատահականը, գուցեև՝ մնալու արժանին, գուցեև՝ անմեղը, սակայն ուրիշ ճար չունի՝ պիտի քշի-տանի այն, ինչ մաշվել է, հյուծվել, նեխել է և դարձել թունավոր․ բա հո չի՞ թողնելու, որ մոլորակը մեռնի։

Մոլորակի մեռնելը հիմա այնքան հավանական է դարձել, այնքան մոտիկ է և շոշափելի, որ պարզապես անթույլատրելի շռայլություն է ոչ միայն անպետք բաների վրա ուշադրություն դարձնելը, այլև՝ անվերջ ողբալը։ Հավերժ ողբը, ի վերջո, նույն անպետք բանն է, որը սովորությունից վերածվում է ավանդույթի, հետո դառնում է պաշտամունք, հետո՝ գոյության պարտադիր պայման։ Ազգային կատարմամբ սերնդեսերունդ փոխանցվող գոյության այս պայմանը սովորաբար պարտադրված է լինում մնացորդ, նեխած, թունավոր նույնատիպ, ասես մի մորից են ծնվել, մարդկային այն տեսակի կողմից, որն իր բարդույթների, վախերի, անկարողության, նախանձի ու չարության հայելին դեմ է տալիս մյուսներին ու փորձում նրանց համոզել, իբր այնտեղ արտացոլվող ողբասեր թշվառը՝ ազգի հավաքական կերպարն է։

Աշխարհակարգը չյուղված սայլի ճռռոցով շրջադարձ է կատարում, երկրագունդը արյուն է փոխում, մոլորակը կենաց-մահու կռիվ է մղում․․․ իսկ մենք դեռ մազալու երկմտանքի մեջ ենք․ ընդունե՞լ արդյոք ապրելու հրավերը, թե՞ սրբազան ողբին հավատարիմ՝ քշվել-գնալ որպես ավելորդ պատահականություն․․․

ՆՈՐՔի այս համարում․ Մարինա Գևորգյան, Արծվի Բախչինյան, Սաթենիկ Ղազարյան, Լիդա Հակոբյան, Արշակ Սեմիրջյան։ «ՆՈՐՔ-ռետրո» բաժնում (1988 թ․)․ Սերո Խանզադյան, Ալեքսանդր Թոփչյան, Հարութ Կոստանդյան։ «Հուշատետր» բաժնում․ Արաքս Մակարեան՝ «Մոխրացած հուշեր»։

07/07/2022

ՆՈՐՔ - 2/2022

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.
ՆՈՐՔի այս համարը պատրաստելու ընթացքում զանգեց նախկին համակուրսեցի ընկերուհիներիցս մեկն ու ավետեց աղջիկներով մոտալուտ հավաքը։ Ուրախացա, ոգևորվեցի՝ մանավանդ, որ դրսերից էլ եկողներ կային, մանավանդ, որ վերջին անգամ հանդիպել էինք դեռ covid-ից շատ առաջ, մանավանդ, որ․․․

Ուրախացա, մի խոսքով, ոգևորվեցի, ինձ գցեցի զգեստապահարանի դուռը, հետո հայելու հետ փորձեցի լեզու գտնել՝ մանավանդ, որ աղջիկներից մի քանիսին երկար տարիներ չէի տեսել, նրանք էլ՝ ինձ, ու մանավանդ, որ ամեն դեպքում բոլորին կարոտել էի․․․

Հետո հանկարծ կանգ առա։ Զգացի, որ ուզում եմ հետ զանգել ու որևէ պատճառ հորինելով՝ հրաժարվել հանդիպումից։
Որովհետև․․․ վախեցա։

Վախեցա՝ իրար տեսնելու, պատանեկության սիմվոլ շամպայնն ըմպելու, զավակների հաջողությունների մասին պատմելու ու թոռների պուպուշիկ ֆոտոները նայելու, դասախոսներից ու բացականերից մի կուշտ բամբասելու վայելքներին անխուսափելիորեն հաջորդող վիճաբանությունից, երբ հենց նոր փաթաթված նկարվելուց հետո, մեկ էլ կպարզվի, որ դուք տարբեր քաղաքական հայացքներ ունեք։ Դե, ասենք, ո՞նց՝ տարբեր հայացքներ, չէ՝ դուք հակառակորդ ճամբարներից եք և ձեր ճամբարները շրջապատող սուր-սուր ճաղերը պայուսակում պահած եք եկել, ձեր պատերազմներն ու խաղաղությունները հակասական են, դուք երդվյալ թշնամիներ եք ու պիտի իրար մորթեք։

Երևակայությունս էկրանին բունյուելական կադրեր էր թերթում․ ռեստորանում, սեղանի շուրջ հավաքված են ընդհանուր անցյալ ունեցող հմայիչ, խնամված, կայացած, խելքը գլխին կանայք՝ ծիծաղում են, պատմում, հիշում են, հուզվում, թիթիզանում, հետո մեկը մի անզգույշ քաղաքական մեկնաբանություն է անում, կողքի նստածը սեղանի տակ կրունկով սրա կոճին է խփում, որ լռի, բայց հարվածը ուժեղ է ստացվում և սեղանը ճաք է տալիս, կիսվում է, մի կեսի վրայի բաժակ-ափսեները թռնում են մյուս կեսին մնացածների երեսին, դեցիբելների կրեշենդոն գրավում է ռեստորանի հաճախորդների ուշադրությունը, և երբ մարդիկ խմբերով մոտենում են սկանդալը վայելելու, նրանց աչքի առաջ տեսարան է բացվում․ ճաքած սեղանի կեսերի վրա դիրքավորված՝ հմայիչ, խնամված, կայացած, խելքը գլխին կանայք սուսերով պարն են պարում․․․

Հռհռոցս վրա հասավ այն պահին, երբ ուզում էի պատկերացնել, թե կոնկրետ ես՝ կոնկրետ ում եմ խոցելու։ Մի խոսքով, որոշեցի, այնուամենայնիվ, հանդիպմանը գնալ՝ լավ, ախր, հիմար հո չե՞նք։ Լավ, այդքա՞ն հիմար․․․ Չնայած․․․ Ո՞վ գիտի, մանավանդ, որ վաղուց չենք տեսնվել։ Համենայն դեպս, պայուսակիս մեջ եղունգների պուճուր սղոցիկ ունեմ և Բունյուելի հեռախոսի համարը։

ՆՈՐՔի այս համարում․ Շանթ Մկրտչյան, Վահրամ Մարտիրոսյան, Նոնա Պողոսյան, Տիգրան Հարությունյան, Գոհար Գալստյան, Վարդգես Խանոյան, Նանէ Մակուչյան, Ռևազ Միշվելաձե, Վահագն Դավթյան – 100-ամյակ, ՆՈՐՔ ռետրո («Սովետական գրականություն» ամսագիր) բաժնում՝ Լեռնային Ղարաբաղի գրական օջախը, 1972 թ․, Հուշատետր բաժնում՝ Արաքս Մակարեան։

Լիլիթ Հովսեփյան

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Baghramyan Avenue , 3
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Other Yerevan media companies (show all)
PAN.am PAN.am
9 Alek Manukyan, AUA Business Center
Yerevan, 0070

Ապագան պայծառ է և եռագույն~ 🇦🇲

Tert.am Tert.am
1 Yeghvard Highway
Yerevan, 0054

www.tert.am

Business Class Business Class
2 Arshakunyats Avenue
Yerevan, 0023

Business Class բիզնես-ամսագիր

Vem Radio Vem Radio
Buzand 1/3
Yerevan, 0010

www.vem.am FM 91.1

Triada Studio Triada Studio
20 Sundukyan Street
Yerevan, 0033

Founded in 1993, Triada Studio is an award-winning animation, motion design and visual effects studi

Factor TV Factor TV
Aram 64
Yerevan, 0002

Factor TV-ն մատուցում է հավաստի, անկողմնակալ տեղեկատվություն․ Հետևեք մեզ նաև https://t.me/factoram

Regional Post на русском Regional Post на русском
Բաղրամյան 18
Yerevan

Взгляд из Армении Рассказываем о международных отношениях, диаспоре, экономике, бизнесе, культуре, технологиях и о многом другом. Читайте здесь ⤵️

Dynamic Armenia Dynamic Armenia
Yerevan, 0002

1вести 1вести
26, G․ Hovsepyan Str
Yerevan, 0047

Официальная страница сайта службы новостей Обществен?

Valodik Mkhoyan Valodik Mkhoyan
Yerevan, .....

Լրագրող

Generalnews.am Generalnews.am
Ervand Kochar 8/8
Yerevan

Generalnews.am- կարևորագույն նորությունների կայքէջ

Match Day Match Day
Yerevan, 003

Սպորտային ամենաթեժ նորությունները մեկ հարթակում: